Ստորին շեմ. Yandex-ը ավելացրել է գովազդի անջատման գումարային սահման

Yandex-ը շարունակում է մնալ  ռուսական շուկայի ամենակիրառելի ինտերնետ ռեսուրսը: Mediascope-ի հետազոտություների համաձայն՝ միջին օրական լսարանն այստեղ կազմում է մոտ 45 միլիոն մարդ: Հայկական շուկայի վրա գովազդ միացնելիս միգուցե այն չապահովի ձեր սպասած ներգրավվածությունը, սակայն երբ թիրախային շուկան, օրինակ, Ռուսաստանն է, վստահ կարող եք օգտվել այս գործիքից, որը, համեմատած  Google Ads-ի, ավելի պարզ է օգտագործման մեջ:

Հաճախ հանդիպում է, որ թվային հարթակում գովազդ միացնելով՝ մարդիկ սխալ կարգավորումներ են անում կամ պարզապես մոռանում են անջատել գովազդը, ինչի հետևանքով  ընկերությունը կարող է զգալի գումարներ կորցնել: Եվ որպեսզի օգտատերերը պատահաբար առանց գումարի չմնան, Յանդեքսն առաջարկում է ավելացնել բացասական հաշվի սահմանաչափ:

Բացասական հաշվի կարգավորման ֆունկցիան հասանելի է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի՝ հաշվի վճարման հետաձգման հնարավորությունը միացրած օգտատերերին: Սահմանաչափը, որի հատման դեպքում գովազդը կանջատվի, նշվում է Դիրեքթի «Ընդհանուր հաշիվ» բաժնում: Այս դեպքում վճարման ենթակա գումարը կներկայացվի գովազդատուին ամսվա վերջում:

Դե ինչ, սա ևս մեկ քայլ է, որը թույլ կտա օգտատերերին ավելի շատ ժամանակ հատկացնել կարևոր գործերին՝ առանց վախենալու, որ գովազզդային էջին ամեն րոպե չհետևելու դեպքում գումարի չնախատեսված արտահոսք տեղի կունենա:

Նշենք, որ Roistat-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ կոնվերսիայի ապահովման տեսանկյունից որոնողական համակարգերում տեղադրվող գովազդը 2,5 անգամ արդյունավետ է, քան գրաֆիկական տարբերակները, որոնք տարածվում են գովազդային հարթակի գործընկերների կայքերում: Ընդ որում՝ ռուսական շուկայի վրա աշխատող գովազդատուների 60%-ը նշել է, որ Яндекс.Директ-ով ավելի լավ արդյունքի է հասել, քան Google Ads-ով:

Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ բարի ու հոգատար նորամուծություն է առաջարկել  Yandex-ը տնային կենդանիների սիրահարների համար, կարող եք սեղմել այս հղմանը և ընթերցել մեր՝ «Յանդեքսը կօգնի գտնել կորած տնային կենդանիներին» բլոգը: