Երբ արված է ապրանքի կամ ծառայության պրեզենտացիան, նշվել են դրա առավելություններն ու ստացվելիք օգուտները, որևէ առարկություն պոտենցիալ գնորդների կողմից չկա, սակայն ոչ մի կերպ վաճառքների աճ չի գրանցվում, ի՞նչ է պետք անել:
1. Օգնե՛ք որոշում կայացնել
Հաճախորդին կարիք չկա ծանրաբեռնելու բազմաթիվ փաստարկներով, պարզապես հարկավոր է վստահ ձայնով և դեմքով ասել «Վերցրե՛ք, սա հաստատ այն է, ինչ Ձեզ պետք է»: Միշտ հիշե՛ք, որ սահմանն անցնել պետք չէ, քանի որ հաճախորդին պետք է օգնել, այլ ոչ թե պնդել գնում կատարել:
2. Մի՛ հարցրեք
Գործարքի հաստատման փուլում ամենամեծ սխալն այն է, որ վերջում հարցնում են «Ձևակերպու՞մ ենք» կամ «Վերցնու՞մ եք»: Ինչու՞ է սա սխալ, քանի որ այսպիսի խոսքերը դրդում են հաճախորդին կրկին մտածել՝ արժե՞ հաստատ վերցնել: Այստեղ ևս լավագույն տարբերակը կոչի օգտագործումն է:
3. Ամփոփում
Երբ հաճախորդի հետ ամեն հնարավոր և անհնարին բան քննարկվել է, հստակ ձևակերպե՛ք գործարքի մանրամասները հաստատում ստանալու նպատակով: Օրինակ՝ պարո՛ն Սարգսյան, մենք արդեն ամեն բան քննարկեցինք ու որոշեցինք, որ Ձեզ համապատասխանում է X ապրանքը, որն արժե Y դրամ, այնպես չէ՞: Ուստի տատանվելու պատճառ չեմ տեսնում, վերցրե՛ք:
4. Հայացք դեպի ապագա
Վերոհիշյալ հնարքից հետո պետք է հասկացնել հաճախորդին, որ գնման մասին որոշումն արդեն անխուսափելի է, և ճիշտ ժամանակն է՝ քննարկելու օգտագործման մանրամասները: Օրինակ՝ եթե Դուք CRM համակարգ եք վաճառել, անպայման նշե՛ք, որ լրացուցիչ ծախսերից խուսափելու համար պետք չէ ծանրաբեռնել վաճառքի ձագարի վերին հատվածը: Եթե նկատեք, որ հաճախորդը սկսում է մասնակցել այս խոսակցությանը և մտնել քննարկման մեջ, ապա համոզված եղե՛ք, որ նա միանգամայն պատրաստ է գնմանը:
5. Ընտրություն առանց ընտրության հնարավորության
Նախկինում մարդուն շատ արագ կարող էին հարցնել՝
• Դուք վճարելու եք քարտո՞վ, թե՞ կանխիկ:
• Ինքնե՞րդ եք վերցնելու, թե՞ պատվիրում եք առաքում:
Նախկինում այս կպչուն ու կտրուկ հարցերը ընդունելի էին ու անգամ աշխատում էին, սակայն հիմա շատերը գիտակցում են, որ դա սովորական մանիպուլյացիա է և անմիջապես հեռու են մնում: Իհարկե, տեխնիկան լավն է, սակայն ակտուալ է միայն այն ժամանակ, երբ արդեն հասկանալի է, որ գնման որոշումը կայացված է:
Հավատացե՛ք, հազարավոր հնարքներ է հնարավոր կիրառել, սակայն յուրաքանչյուրի արդյունավետությունն էլ պետք է փորձեք Ձեր բիզնեսի օրինակով: Գուցե այդպիսով ինքներդ էլ հայտնաբերեք նոր մոտեցումներ:
Դե ինչ, այս 5 խորհուրդն էինք պատրաստել այսօրվա համար, իսկ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ՝ ինչպես գտնել ճիշտ լսարանն ու վարել արդյունավետ արշավներ, խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև մեր պատրաստած «Թիրախավորման 12 տարածված սխալ» բլոգը