6 ինտերակտիվ ժամանցային կայք

Երբեմն ժամանակն արագ անցկացնելու կամ պարզապես ցրվելու համար կարիք է լինում օգտվել ինչ-որ թեթև, ոչինչ չպարտադրող կայքերից: Այսօրվա բլոգում հավաքել ենք զվարճալի ու նույնիսկ խաղային կայքերի օրինակներ, որոնք ձեզ անտարբեր չեն թողնի:

Գտի'ր անտեսանելի կովիկին
Դուք երբևէ տեսե՞լ եք 1 պիքսելանոց կովիկ: Այս զվարճալի կայքը  առաջարկում է գտնել դրան միանգամայն սպիտակ էկրանի վրա: Որպես հուշում՝ միշտ դուք կլսեք cow բառը, ու որքան մոտենաք թաքնված կովին, այնքան ձայնը կբարձրանա: Այն մարդիկ, ովքեր համբերություն կունենան ու կհասնեն 50-րդ մակարդակ, կհանդիպեն մեկ այլ թաքնված կենդանու:

Ձանձրանու՞մ եք
Այս կայքի կարմիր կոճակին մեկ անգամ սեղմե՛ք, ու ձեզ կառաջարկվեն տարբեր տեսակի զբաղմունքներ, օրինակ՝ գուշակի՛ր խաղաքարտը, իմացի՛ր քո բնակության վայրն ըստ ընտրածդ կենդանու, սովորի՛ր «ես կրիա եմ» արտահայտությունը 62 տարբեր լեզուներով և այլն: Անիմաստ զբաղմունքների շարք, որոնք կօգնեն ձեզ արագացնել ժամանակի ընթացքը:
 

Նկարի՛ր 20 վայրկյանում
Սա այն մարդկանց համար է, ովքեր սիրում են նկարել ու ստեղծել բարդություններ արհեստական բանականության համար: Նեյրոցանցը պատահականության սկզբունքով առաջարկում է նկարել այս կամ այն առարկան, ու երբ սկսում եք նկարել, այն սկսում է տարբերակներ գուշակել: Խաղն ունի 6 փուլ, որից հետո ձեզ ցույց կտրվեն ձեր իսկ նկարած նկարները, որոնց վրա սեղմելով՝ կտեսնեք, թե մյուսներն ինչ նկարներ են ստացել:

Հյուրանոցի Wi-Fi թեստավորում
Կայքը հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր շատ են ճանապարհորդում ու չեն պատկերացնում իրենց կյանքն առանց համացանցի: Պարզապես պետք է նշել հյուրանոցի անունը կամ տեղանունը, որտեղ պատրաստվում եք մնալ, և կայքը ցույց կտա, թե որքան արագություն է ձեզ սպասվում այնտեղ: 

Facebook-ի դեմքերը
Այս նախագիծը թույլ է տալիս տեսնել սոցիալական կայքի օգտատերերին ըստ նրանց գրանցման հաջորդականութան՝ սկսած հենց Ցուկերբերգից: Այստեղ կցելով ձեր հաշիվը՝ կկարողանաք իմանալ նաև ձեր հերթական համարը:

Neave
Neave-ը ժամանցային կայքերի հավաքածու է, որտեղ կգտնեք տարբեր օպտիկական խաբկանքներ, տարօրինակ վիդեոհոլովակներ, վիրտուալ աշխարհներ ու տարբեր խաղեր: Այս հարթակում կա նաև նկարների խմբագրիչ, որը թույլ է տալիս նկարվել web-տեսախցիկով ու ուղարկել նկարները սոցկայքեր:

Փնտրու՞մ եք հետաքրքիր լուծումներ ձեր կայքերի համար, ցանկանու՞մ եք այցելուներին պահել ձեր էջում: Բրենդոնի պատրաստած կայքերը կլինեն հենց այդպիսին՝ պատրաստված ձեր թիրախային լսարանի համար՝ հաշվի առնելով շուկայի պահանջներն ու ամենաթարմ նորամուծությունները: Վեբ ծրագրավորման ծառայություններին ավելի մանրամասն ծանոթանալու ու հետագա քննարկումներն ավելի բովանդակալից դարձնելու համար կարող եք անցնել այս հղմամբ ու ցանկության դեպքում լրացնել բրիֆը կամ կապ հաստատել մեզ հետ 010 25 00 85 հեռախոսահամարով: