Ովքեր աշխատում կամ սովորում են տնից, կհաստատեն, որ գոնե մեկ անգամ եղել է վիդեոզանգի անհրաժեշտություն, ու մի հարթակում զանգի անդամների սահմանափակումն է խանգարել, մյուսում տևողությունն է սահմանափակ, երրորդն էլ օգտագործման մեջ է բարդ: Սա էր պատճառը, որ արագ տարածում գտավ Zoom-ը, որը միլիոնավոր մարդկանց տվեց խմբային վիդեոզանգեր կատարելու անվճար հնարավորություն:
Այժմ հերթը Facebook-ինն է: Հարթակը հայտնել է խմբային վիդեոզանգեի կատարման համար նախատեսված նոր սերվիսի՝ Messenger Rooms-ի գործարկման մասին: Վիդեոզանգին միաժամանակ կարող է միանալ 50 մարդ, և ամենակարևորդը՝ դեռևս դրված չէ զանգի տևողության որևէ ժամանակային սահմանափակում:
Սկզբնական շրջանում կոնֆերանսներ կարող են ստեղծել միայն Facebook-ի և Messenger-ի օգտատերերը, սակայն կարևոր փաստ՝ վիդեոզանգին կարող են միանալ անգամ նրանք, ովքեր գրանցված չեն սոցկայքում: Ապագայում այս ծառայությունը հասանելի կլինի նաև Instagram-ում և WhatsApp-ում:
Վիդեոկոնֆերանսի կազմակերպիչը ունի մասնակիցների մուտքը սահմանափակելու և ցանկացած մասնակցի խոսակցությունից հեռացնելու հնարավորություն: Այստեղ հնարավոր է նաև AR ֆիլտրերի և վիրտուալ ֆոնի օգտագործումը:
Հայտարարվում է, որ Messenger Rooms-ը հասանելի կլինի արդեն այս շաբաթվա ընթացքում մի քանի երկրում, իսկ մի քանի շաբաթվա ընթացքում դրանից կկարողանան օգտվել ամբողջ աշխարհում:
Դե ինչ, սպասենք հայկական շուկայի համար այս հավելվածի հասանելիության բացմանը, իսկ մինչ այդ հիշեցնենք մեր նախորդ նյութերից մեկի մասին՝ «Ի՞նչ է Zoom-ը, ի՞նչ ֆունկցիաներ ունի ու ինչպե՞ս մարդիկ շատ արագ սովորեցին նրան խաբել»: