Կրեատիվությունը մրցակցային պայքարում կարևորագույն դեր է կատարում, քանի որ այսօրվա շուկայում, երբ թվում է, թե ամեն ինչ կա, նորից ու նորից հայտնվում է մեկը, ով կարողանում է լրիվ նոր մոտեցումներով զարմացնել հաճախորդներին: Այն արդեն դարձել է գործատուների կողմից ամենաբարձրը գնահատվող soft skill-երից մեկը, ու շատերին թվում է, թե մարդը կա՛մ կրեատիվ է ծնվում, կա՛մ ոչ, և հնարավոր չէ սովորել կրեատիվ լինել: Սակայն այսօրվա բլոգում ձեզ կներկայացվի մի քանի հնարք, որոնք կօգնեն մարդուն ունենալ առավել գունեղ, յուրահատուկ ու հետաքրքիր մտածելակերպ:
1. Ճանապարհորդություններ
Սա կօգնի ձեզ ունենալ լայն աշխարհայացք, անընդհատ նորը սովորել: Մտածելակերպի, մշակույթի ու սովորույթների տարբերությունների շնորհիվ մարդը սկսում է սովորական երևույթներին նայել ոչ ստանդարտ հայացքով:
2. Գեղարվեստական գրականություն
Սա կրեատիվ մարդկանց կարևորագույն գործիքներից է: Ամեն օր փորձե՛ք ժամանակ գտնել թեկուզ մի քանի էջ ընթերցելու համար: Ընթերցանությունը լավագույն մարզասարքն է ուղեղի ու մտածելակերպի ճկունությունը մարզելու համար:
3. Շփում երեխաների հետ
Երեխաները կրեատիվի ամենահետաքրքիր, ազնիվ ու յուրահատուկ «մասնագետներն» են: Նրանց դեռևս չեն խանգարում գիտելիքները, կարծրատիպերը, նրանք դեռ չեն վախենում շրջապատի քննադատությունից: Երեխաները առավելագույնս ազատ են իրենց ստեղծագործ կարծիքը հայտնելու գործում, և եթե նրանից հարցնեք այն խնդրի լուծումը, որի վրա վաղուց եք տանջվում, հաստատ զարմանալի տարբերակներ կստանաք: Կրեատիվության զարգացմանը նպաստում են նաև մանկական խաղերը(ոչ պակաս, քան լուրջ գիտական մեթոդները):
4. Օտար լեզուների ուսումնասիրությունը
Շատերի կողմից է հնչում այն կարծիքը, որ հատկապես այևելյան լեզուների ուսումնասիրությունը հանգեցնում է լրիվ այլ մտածելակերպի ու ընկալման՝ շնորհիվ այս լեզուների կտրուկ տարբերությանը արևմտյանից:
5. Նոր տեսանկյուն
Ձեզ համար սովորական հանդիսացող բաները սկսե՛ք անել լրիվ այլ կերպ, և ձեր մտքի ճկունության մեջ կսկսեք զգալ փոփոխություններ: Օրինակ՝ կտրուկ փոխե՛ք ձեր ոճը, աշխատանքի ամենօրյա ճանապարհը փոխե՛ք նորով, վերադասավորե՛ք սենյակի կահույքը, պարբերաբար լսե՛ք լրիվ այլ երաժշտություն և այլն:
6. Անընդհատ սովորե՛ք
Անընդհատ սովորելու ձգտումը հաջողակ մարդկանց տարբերակիչ առանձնահատկությունն է: Խոսքը չի գնում միայն կոնկրետ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման մասին, քանի որ ցանկացած նոր գիտելիք կմարզի ձեր կրեատիվ մկանները:
7. Անհետաքրքիր աշխատանքի վերափոխում
Ցանկացած՝ նույնիսկ ամենահետաքրքիր աշխատանքում էլ լինում են պահեր, երբ նույն գործը սկսում է պարբերաբար կրկնվել: Օրվա սկիզբը պետք է տրամադրել հենց այդպիսի գործերին, և փորձել դրանք անել մի փոքր այլ ձևով և այլ տրամադրվածությամբ: Իսկ օրվա մնացած մասը կմնա հետաքրքիր գործերին:
8. Networking
Այլ ոլորտների ներկայացուցիչների և պարզապես հետաքրքիր մարդկանց հետ նորանոր ծանությունները մտածելակերպը ճկուն են դարձնում, ոգեշնչում են, թույլ տալիս նոր ձևով նայել հասարակ թվացող շրջապատին:
9. Ուշադրություն
Ամեն մասնագիտության համար տեղեր կան, որտեղից հնարավոր է ոգեշնչում գտնել: Օրինակ՝ լուսանկարիչներն իրենց կոլեգաների հետաքրքիր նկարները պահպանում են Pinterest-ում, գովազդատուները YouTube-ում փնտրում են նոր հոլովակներ, ճարտարապետները ճանապարհորդում են, որպեսզի գտնեն նոր շենքեր, իսկ լրագրողները կարդում են The New York Times: Արդեն իսկ իրականացված մտքերի որոնումն ու վերլուծությունը ուղղակի կերպով կազդեն ձեր կրեատիվության վրա ևս:
Հուսով ենք՝ այս քայլերից գոնե մի քանիսին հետևելով՝ ձեր կյանքը կլցվի նոր, ստեղծագործ մոտեցումներով:
Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե առցանց շփումը գրագետ անցկացնելու համար ինչ խորհուրդներ են տալիս մասնագետները, ապա կարող եք սեղմել այս հղմանը և ընթերցել մեր՝ «Շփման նոր կանոնները սոցիալական կայքերում» բլոգը: