
Սոցիալ մեդիա մարքեթինգն (SMM) այսօր արդեն բոլոր բիզնեսների պարտադիր գործիքն է․ բոլորը գովազդում են, բայց ոչ բոլորն են ճիշտ անում։ Թիրախային գովազդը հզոր գործիք է, որը կարող է բիզնեսին բերել հարյուրավոր նոր հաճախորդներ, բայց միևնույն ժամանակ սխալ մոտեցման դեպքում՝ այն վերածվում է պարզապես գումար «այրելու» միջոցի։ Եկեք տեսնենք՝ որոնք են ամենատարածված սխալները և ինչպես խուսափել դրանցից։
1. «Բոլորը մեր հաճախորդն են» մտածելակերպը․ Սա ամենամեծ սխալն է։ Շատերը կարծում են՝ որքան լայն լսարան դնեն, այնքան լավ արդյունք կստանան։ Բայց իրականում լայն թիրախավորումը հաճախ բերում է ցածր արդյունքի։ Օրինակ, պատկերացրեք, որ ցանկանում եք բացել վեգան ռեստորան։ Եթե դուք գովազդում եք «բոլորին Երևանում», ձեր բյուջեն կծախսվի նաև այն մարդկանց վրա, ովքեր առհասարակ վեգան չեն։ Իսկ եթե դուք նեղացնեք թիրախը՝ առողջ կենսակերպով հետաքրքրվողներին, ավելի հավանական է, որ նրանք դառնան հաճախորդներ։
2. Բովանդակությունը չի խոսում լսարանի լեզվով․ շատ գովազդներ ավելի շատ նման են պաշտոնական հայտարարության, քան ընկերական հրավերի։ Սոցիալական մեդիայում մարդիկ ուզում են էմոցիա, ոչ թե չոր տեղեկատվություն։ Օրինակ, մի գովազդում կարդում եք․ «Մեր խանութը ներկայացնում է լայն տեսականի»։ Իսկ մյուսում՝ «Փնտրու՞մ ես նվեր, որ զարմացնի անգամ ամենաքմահաճ ընկերոջդ։ Մենք արդեն մտածել ենք դրա մասին»։ Ո՞րը կձգեր ձեր ուշադրությունը։
3. Բյուջեի «վատնումը» սխալ չափումների պատճառով․ Շատերը գովազդի վերջում նայում են միայն «reach»-ը կամ «like»-երի թիվը։ Բայց իրական թիրախային գովազդը պետք է չափվի վաճառքով, գրանցումներով կամ այլ կոնկրետ գործողությամբ։ Եթե դուք պիցցայի խանութ ունեք, ձեզ պետք չեն 10.000 լայքեր, այլ պատվերներ։ Իսկ եթե դուք միայն թվերի հետևից եք ընկնում, հնարավոր է՝ չնկատեք, որ իրական հաճախորդների հոսք չկա։
4. Գովազդի «անբնական» արտաքին տեսքը․ Անկեղծ ասած, գովազդները, որոնք չափազանց «գովազդային» են, այսօր գրեթե չեն աշխատում։ Օգտատերերը սովորել են անտեսել այնպիսի նկարներ, որտեղ գրված է «ՍՊԱՍՎՈՒՄ Է ՍՈՒՊԵՐ ԱԿՑԻԱ»։ Ավելի լավ է ցույց տալ իրական արտադրանքը՝ բնական լուսանկարով կամ նույնիսկ ձեր հաճախորդի պատմությամբ։
5. Թեստավորման բացակայությունը․ Գովազդն առանց թեստավորման նույնն է, ինչ ճաշ պատրաստելը առանց համտեսելու։ Եթե դուք միանգամից մեծ բյուջե եք դնում և հույս ունենում, որ այն կաշխատի, մեծ ռիսկի տակ եք դնում ձեր փողերը։ Փորձեք տարբեր ձևաչափեր՝ տեսանյութ, լուսանկար, կարճ տեքստ, երկար պատմություն։ Թույլ տվեք ալգորիթմին ցույց տալ, ինչը աշխատում է։
Թիրախային գովազդը կախարդական կոճակ չէ․ այն հաջողվում է միայն ճիշտ ռազմավարությամբ։ Եթե խուսափեք այս սխալներից, ձեր սոցիալ մեդիա մարքեթինգը կդառնա ոչ թե ծախս, այլ ներդրում։ Հիշեք՝ լսարանը ձեր ընկերն է, ոչ թե պարզապես թիվ։