Հայտնի մարքեթինգային ձախողումներ (Մաս 2)

Սուր մրցակցությունը ֆիրմաներին ստիպում է անընդհատ մտածել նորամուծություններ, որոնց մուտքը շուկա միշտ էլ ռիսկային է և լի ձախողման վտանգներով, սակայն եթե չլինեին ռիսկի դիմողները, առաջարկվող արտադրանքի շրջանում ոչ մի առաջընթաց էլ տեղի չէր ունենա: Այժմ դիտարկենք մի քանի մարքեթինգային սխալ քայլերի օրինակներ, որոնք թանկ են նստել արդեն բավականին համբավ ու հեղինակություն ունեցող  ընկերությունների վրա:

Jagermeister-ի կոմատոզային երեկույթը

2013թ. ամռանը մեքսիկական Producciones Guateque ընկերությունը կազմակերպել էր պրոմոերեկույթ լիկյոր արտադրող Jagermeister-ի հետ: Յուրահատուկ մթնոլորտ ստեղծելու նպատակով հյուրերով լի լողավազանի մեջ լցվեցին հեղուկ ազոտի շշեր՝ ակնկալելով, որ կստացվի մառախուղի էֆեկտ: Արդյունքը սպասվածի նման զվարճհալի չստացվեց, և մարդիկ սկսեցին խեղդվել: Նախ կարծիք կար, որ ազոտը քիմիական ռեակցիայի մեջ էր մտել լողավազանի քլորի հետ՝ թունավորելով ջուրը, սակայն փորձագիտական հետազոտությունները պարզեցին, որ խնդիրը հենց օդի մեջ էր: Երեկույթի հյուրերից 9-ը արդյունքում հայտնվեցին հիվանդանոցում, և մեկը կոմայի մեջ մնաց շուրջ 2 շաբաթ: Իհարկե բոլոր տուժածներին ընկերությունը փոխհատուցում տրամադրեց, սակայն մարդկանց լարվածությունն ընկերության նկատմամբ չնվազեց, քանի որ նրանք անդրդվելի կերպով պարզապես խորհուրդ տվեցին խմել պատասխանատու ձևով:


Անվճար Dr Pepper’s Guns N’ Roses-ի ալբոմի դիմաց

Անվճար ինչ-որ բան տալու դիմաց ակնկալվող գովազդը որքան էլ քննադատելի է, սակայն այն դեռևս շատ լավ է աշխատում, մնում է միայն նախապես գնահատել՝ որքան եք պատրաստ առատաձեռն գտնվել: 2008թ. ապրիլին Dr Pepper Snapple-ը խոստացավ յուրաքանչյուր ամերիկացուն տալ 1 ըմպելիք, եթե  Guns N' Roses ռոք խումբը թողարկի իր Chinese Democracy ալբոմը մինչ այդ տարվա ավարտը: Երգերը պատրաստվում էին արդեն 14 տարի, և նրանք հույս չունեին, որ այդպիսի բան տեղի կունենա, սակայն ալբոմի շնորհանդեսը  տեղի ունեցավ նոյեմբերի 23-ին: Արդյունքում, երբ ընկերությունը 1 օրով կուպոններ տեղադրեց իր կայքում, այն չդիմացավ ծանրաբեռնվածությանը: Շուտով Guns N' Roses-ի փաստաբանները սկսեցին պահանջել, որ ընկերությունը հանրային ներողություն խնդրի կատարյալ ֆիասկոյի համար, իսկ Dr Pepper-ից հայտարարեցին, որ նախապես եղել է պայմանավորվածություն, և հենց երաժիշտների մենեջերներինն է եղել անվճար ըմպելիքներ բաժանելու գաղափարը:


Փուչիկների անհաջող փառատոն Քլիվլենդում

1986թ. United Way ընկերությունը որոշել էր  համաշխարհային ռեկորդ սահմանել՝  օդ բաց թողնելով 1,5 միլիոն փուչիկ, որի նպատակն էր մարդկությանը հիշեցնել աղքատ այս քաղաքի գոյության մասին: Ամեն ինչ ի սկզբանե վատ սկսվեց, երբ անձրևի ու քամու պատճառով  փուչիկները քշվեցին դեպի օդանավակայան, ինչպես նաև տարածվելով ծովի վրա՝ խոչընդոտեցին 2 կորած ձկնորդների որոնողական աշխատանքներին: Արդյունքում, երբ նրանցից մեկի դին գտնվեց, այրին 3,2 մլն դոլարի դատական հայց ներկայացրեց: Դատարան էր դիմել նաև մի ձիավարժ, որի ձին, վախենալով փուչիկներից, լուրջ վնասվել էր՝ դիպչելով դարպասներին: Զվարճալի թվացող փառատոնն ունեցավ ծանր հետևանքներ, սակայն այսօր Քլիվլենդն ԱՄՆ-ում ամենահարմարավետ քաղաքներից է բնակություն հաստատելու համար:


Նոր Coca Cola

1985թ. շրջադարձային էր Կոկա Կոլայի համար: Արդեն 15 տարի ընկերության շուկայական մասնաբաժինը գնալով նվազում էր՝ զիջելով գլխավոր մրցակցին՝ PepsiCo-ին: Ընկերությունը որոշեց թողարկվել նույն համի, սակայն ավելի քաղցր Կոլա, որին մարդիկ նախապես նախապատվություն էին տվել կույր փորձարկումների ժամանակ: Վաճառքների մեկնարկից սկսած՝ թեժ գծերի զանգերն ու բացասական արձագանքները չէին դադարում, մարդիկ այնքան էին մեղադրում նույնիսկ հասարակ աշխատակիցներին, որ 79 օր անց ընկերությունը հանրային հեռուստատեսությամբ հայտարարեց, որ կրկին կթողարկվի հին Կոլան, որի վաճառքի ծավալները մինչ այդ տարվա վերջ թռիչքային վերելք ապրեցին: Շուկայում մնաց նաև նոր ըմպելիքը՝  1992թ. վերանվանվելով  Coke II: 10 տարի անց այն հանվեց վաճառքից:


Այս պատմությունները վկայում են այն մասին, որ նույնիսկ ամենահզոր ընկերություններն էլ կարող են հանուն աճի կայացնել սխալ ու ռիսկային որոշումներ, ուստի եթե բոզնեսը հաջողված է, դա չի ապահովագրում սեփականատիրոջը ռիսկերից:

Եթե ցանկանում եք իմանալ ավելի շատ նմանատիպ պատմություններ, կարող եք սեղմել այս հղմանն ու ընթերցել նաև այս բլոգի առաջին մասը: