Մենք բոլորս ունենք ինչ-որ մոդել, թե ինչպես պետք է իրեն պահի առաջնորդը: Հենց այս մոդելն էլ մենք կիրառում ենք որպես ուղեցույց, երբ մեզ անհրաժեշտ է հեղինակավոր երևալ դիմացինի աչքերում կամ ղեկավարել մարդկանց խումբ: Այս ուղեցույցը ներառում է այն ամենը, ինչ մենք գիտենք առաջնորդության մասին:
Բայց խնդիրն այն է, որ դրա իրական մարմնավորումը կարող է և՛ դրդել մարդկանց հասնել ձեռքբերումների, և՛ ընդհակառակը՝ խանգարել։ Երկուսն էլ, ի վերջո, կազդեն աշխատանքի արդյունավետության վրա: Brandon-ի հերթական բլոգում կքննարկենք առաջնորդի իմիջը, և թե ինչպիսի քայլերը կօգնեն ստեղծել իսկապես ոգեշնչող կերպար:
Պատկերացրեք մի մարդու, ում դուք համարում եք առաջնորդ (գուցե Իլոն Մասկին, եթե դեռ չեք հոգնել նրանից): Այժմ փորձեք բառեր գտնել այս մարդուն նկարագրելու համար: Ձեր գլխում պատկերվածը ոչ այլ ինչ է, քան առաջնորդի կերպար։ Այն հիմնված է մարդու իրական որակների վրա, բայց միևնույն ժամանակ հարմարվում է ուրիշների ակնկալիքներին։ Իմիջի հիմնական գործառույթը զանգվածային լսարանին հստակ ուղերձ հաղորդելն է և մարդկանց նպատակին հասնելու դրդապատճառը: Չնայած այն հանգամանքին, որ նախկինում այս տերմինն ավելի հաճախ օգտագործվում էր քաղաքականության մեջ, այսօր իմիջի վրա աշխատելը պետք է ոչ միայն երկրների ղեկավարներին, այլ նաև բիզնեսի սեփականատերերին, կազմակերպությունների ղեկավարներին և տարբեր փորձագետների։ Մի խոսքով, բոլորի համար, ովքեր մտածում են ոչ միայն մարդկանց խմբերի կառավարման, այլ նրանց ղեկավարելու մասին:
Թվում է՝ ինչու՞ պետք է աշխատել առաջնորդի իմիջ ստեղծելու վրա, եթե պարզապես կարող ես մարդկանց հրամայել որպես ղեկավար: Բանն այն է, որ ավտորիտար ղեկավարման ժամանակներն անցել են։ Մարդիկ ցանկանում են իրենց աշխատանքում իմաստալից նպատակ տեսնել, ուստի ղեկավարից ոգեշնչում և մոտիվացիա են ակնկալում, ոչ թե պարզապես չոր հրահանգներ: Ստանալով դրանք՝ նրանք ավելի շատ արտադրողականություն, հավատարմություն և հետաքրքրություն են ցուցաբերում։ Ստացվում է, որ ի տարբերություն սովորական ղեկավարի, առաջնորդն ավելի շատ հոգևոր դաստիարակ է։ Նրա կերպարը կապված է հաջողության հետ, օգնում է աշխատակիցներին տեսնել նպատակը, պահպանել էներգիան և դրական վերաբերմունքը: Նման մարդը ոչ միայն առաջնորդում է մարդկանց գործողությունները, այլև խրախուսում է նրանց ներուժը և հանդես է գալիս որպես ուժի և իմաստության աղբյուր: Ղեկավարության այս զգացմունքային էֆեկտի շնորհիվ թիմը մեծ արդյունքների հասնելու հնարավորություն ունի, իսկ ընկերությունը՝ դժվար պահերին կայունությունը պահպանելու։
Իհարկե, կան բացառություններ, որտեղ ղեկավարության ավտորիտար տեսակը դեռևս արդյունք է տալիս։ Դրանք ներառում են ոստիկանությունը, հրշեջ-փրկարարական ծառայությունները կամ զինված ուժերը: Այս ոլորտներում իրավիճակի ծանրությունը պահանջում է հրահանգների ակնթարթային կատարում, իսկ զգացմունքները հետին պլան են մղվում:
Արտաքին տեսք. Սա դիմացինի համար տեղեկատվության առաջին և ամենակարևոր տեղեկատվական աղբյուրն է: Արտաքին տեսքը հեշտությամբ ընթերցվում է ենթագիտակցական մակարդակում, ուստի այն պետք է արտացոլի ոչ միայն մարդու անհատականությունը, այլև նրա առաքելությունը: Պետք է ուշադրություն դարձնել և՛ սանրվածքին, և՛ հագուստին, և՛ դեմքի արտահայտությանը և ժպտալու ձևին։ Առաջնորդի զգեստապահարանի հիմնական պահանջներն են հարգանքը, կոկիկությունը և առիթին համապատասխանությունը: Պետք չէ մոռանալ նաև հարմարավետության մասին։ Անհարմար հագուստը ստիպում է ձեզ կաշկանդված ու անվստահ զգալ, իսկ դա հակասում է առաջնորդի իդեալական կերպարին։
Մարգարեթ Թեթչերի օրինակով կարող ենք տեսնել արտաքին տեսքի վրա աշխատելու վառ օրինակը։ Իր կարիերայի սկզբում նրա ոճը հավակնոտ և անփույթ էր, բայց երբ նա հասավ իշխանության, Մեծ Բրիտանիայի ապագա առաջնորդի կերպարն ավելի ու ավելի զուսպ ու էլեգանտ էր դառնում։ Հետագայում այս կերպարանափոխությունն արտացոլվեց նույնիսկ կինոյում, որտեղ Երկաթե լեդիի դերը մարմնավորեց Մերիլ Սթրիփը։
Ելույթ. Այստեղ կարևոր են այնպիսի բնութագրերը, ինչպիսիք են ձայնի տեմպը և տոնայնությունը: Հզոր, արտահայտիչ և հստակ լսելի խոսքը ունկնդիրների կողմից ընկալվում է որպես ուժի և վստահության նշան՝ ստեղծելով դրական կերպար: Եվ հակառակը՝ հապճեպ, լուռ և լղոզված խոսելը կապված է անհանգստության և թուլության հետ՝ առաջացնելով լսարանի անվստահություն:
Նույն Մարգարեթ Թետչերը վոկալի դասեր է վերցրել դերասան Լորենս Օլիվյեից, որպեսզի նրա ձայնն ավելի ցածր ու ծանրակշիռ հնչի: Առաջնորդի կերպարի համար խոսքի վրա աշխատելու էլ ավելի ոգեշնչող օրինակ կարելի է կրկին գտնել կինոյում։ 2011 թվականին նկարահանված «Թագավորն է խոսում» ֆիլմը պատմում է թագավոր Ջորջ VI-ի իրական պատմությունը և կակազության դեմ նրա պայքարի մասին։
Մարմնի լեզու. Տեղեկատվության մինչև 70%-ը փոխանցվում է ոչ բանավոր ուղիներով։ Ազդանշանները, ինչպիսիք են ժեստերը, դեմքի արտահայտությունները կամ կեցվածքը, մարդիկ ընդունում են ենթագիտակցական մակարդակում, նույնիսկ եթե նրանք որևէ ջանք չեն գործադրում դրա համար: Ահա թե ինչու մարմնի դինամիկ լեզուն այդքան կարևոր է իմիջի տեսանկյունից:
Ոչ բանավոր հաղորդակցության ամենատպավորիչ օրինակներից մեկը դեռևս պատկանում է Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսին։ Գրեթե յուրաքանչյուր արտահայտություն նա ուղեկցում էր ժեստերով՝ իր ելույթների ժամանակ գրավելով հանրության ուշադրությունը։ Եթե որոշեք հետևել այս օրինակին, հիշեք, որ յուրաքանչյուր շարժում չպետք է փորձված տեսք ունենա, այլ՝ բաց և բնական։
Հաղորդակցման ոճը. Առաջնորդը մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում, ուստի ուրիշների հետ ցանկացած փոխազդեցություն անմիջապես արտացոլվում է նրա կերպարում: Կերպարին դրական հատկանիշներ են հաղորդում գրագետ խոսքը, մտքերը ճիշտ արտահայտելու, զրուցակցին լսելու, բաց ու շփվող լինելու հմտությունները։
Համոզիչ հաղորդակցությունը Բիլ Գեյթսի հիմնական հատկանիշներից մեկն է: Նա ուշադիր ընտրում է այն տեղեկատվությունը, որը ցանկանում է՝ իր ունկնդիրները հասկանան։ Նա բացատրում է բարդ երևույթները հնարավորինս պարզ ձևով։ Վիզուալ նկարազարդումները և ստեղծագործական մոտեցումը թույլ են տալիս նրան դա անել։ Օրինակ, Գեյթսից ընդամենը 80 վայրկյան պահանջվեց, որպեսզի բացատրի գլոբալ տաքացման խնդիրը՝ օգտագործելով փափուկ խաղալիքներ:
Արժեքներ. Իմիջը պետք է բացահայտորեն փոխանցի մարդու կյանքի վերաբերմունքն ու արժեքները։ Եթե աշխատակիցները գիտեն ղեկավարի դիրքորոշումը որոշակի հարցերի կամ թեմաների վերաբերյալ, ապա դա օգնում է նրանց ավելի լավ հասկանալ նրա ապագա որոշումները: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր գործողություն կամ արարք պետք է տեղավորվի ընդհանուր պարադիգմի մեջ՝ ամրապնդելով առաջնորդի ամբողջական դիմանկարը:
2018 թվականին Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը գիշերանոցով մասնակցել է խորհրդի նիստին։ Սակայն նա դա արել է ոչ թե այն պատճառով, որ քնած էր մնացել, այլ ցանկանում էր ուշադրություն հրավիրել մանկական քաղցկեղի խնդրի վրա։ Այս արարքը բուռն արձագանք առաջացրեց սոցցանցերում, և Բեզոսից հետո ընկերության աշխատակիցները նույնպես ձեռնամուխ եղան աջակցելու իրենց ղեկավարին՝ սկսելով «գիշերանոց» մարաթոնը։ Այս իրադարձությունը միլիարդատիրոջ կերպարին ավելացրեց բարերարի դիմագիծը։
Առաջնորդ դառնալու ձեր հիմնական նպատակն է հասկանալ, թե ինչպես են ուրիշները տեսնում ձեզ և հստակ պատկերացնել այն պատկերը, որը դուք կցանկանայիք փոխանցել դիմացինին, այնուհետև զարգացնել այս երկու դիմանկարների միջև համապատասխանություն ստեղծելու համար անհրաժեշտ հմտությունները:
Այս հարցում ձեզ կարող են օգնել մարքեթինգային ընկերությունները՝ PR արշավների և ռազմավարությունների շնորհիվ, ինչպես նաև իմիջմեյքերները, սակայն այս հետաքրքիր ճանապարհին պետք է միշտ հշել, որ կարևոր է պահել բնականությունը և զերծ մնալ արհեստականությունը և կեղծավորությունից։