Իսկ դու ճի՞շտ ես արտասանում համաշխարհային այս բրենդների անունները (Մաս 3)

Բրենդների անվան հետ կապված տարակարծություններ հաճախ են հանդիպում: Լեզուների, դրանցում առկա կանոնների տաբերության, բարդ անվանման կամ պարզապես մարդկանց սխալ պատկերացումների հետևանքով անգամ համաշխարհային բրենդների անունները սխալ են արտասանվում: Մեր բլոգի այս բաժինը շատ է սիրվել ընթերցողների կողմից, ուստի այսօր կներկայացնենք ևս մի քանի անվանում, որոնք շփոթմունք են առաջացնում արտասանելիս:

Hermes
Կա կարծիք, որ ֆրանսիական այս բրենդի անվանումը առաջացել է հին հունական աստված Հերմեսի անունից, սակայն իրականում սկզբնաղբյուրն այն հիմնադրողի ազգանունն է: Նորաձևության տունը հիմնվել է Թիերի Էրմեսի կողմից 1837թ., ուստի Հերմես, Էրմե, և ռուսակաս Գերմես տարբերակները, բնականաբար, սխալ են: Ճիշտ է ասել «Էրմես»:

TAG Heuer
Ամենահաճախ հանդիպող սխալ արտասանությունը Թագ Հաուերն է: Ո՛չ Հաուեր, ո՛չ Հյուեր, ո՛չ Հյոր. ճիշտ տարբերակը «Հոյեր»-ն է, ամբողջական անվանումը՝ ԹԱԳ ՀՈՅԵՐ, ընդ որում՝ TAG-ը հապավում է՝ Techniques d’Avant Garde, իսկ Հոյերը ավելացվել է ի պատիվ 1860 թվականին Շվեյցարիայում այս ժամացույցների արտադրությունը հիմնադրած Էդուրդ Հոյերի ազգանվան: 

Disneyland
Առաջին հայացքից թվում է, թե այստեղ ամեն ինչ պարզ է՝ Դիսնեյլենդ, սակայն իրականում եթե, օրինակ, այցելեք ԱՄՆ և խնդրեք, որ ցույց տան Դիսնեյլենդի տեղը, ձեզ պարզապես չեն հասկանա, քանի որ ճիշտ է արտասանել «Դի՛զնիլենդ»:

Hyundai
«Hyundai» կորեերենից թարգմանաբար նշանակում է արդիականություն: Մարդիկ այն ամենից հաճախ անվանում են Հյունդայի՝ ինչպես որ գրվում է, սակայն ճիշտ տարբերակը հետևյալն ՝ «Հյոնդե՛»: Այս անվանումը հնչեցնելուց խուսափում են նաև գովազդների ժամանակ՝ բավարարվելով միայն լատինատառ գրվածքով: Կրկնակի սխալ է առաջանում Hyundai Tucson ամենագնացի դեպքում:  Ոչ թե Հյունդայի Տակսոն, այլ Հյոնդե Տուսսան: Բավականին բարդ լեզու է այնպես չէ՞, սակայն Բրենդոնի բլոգի շնորհիվ մեր ընթերցողներն արդեն իմացան ճիշտ տարբերակը:
 

Clarins
Ֆրանսիական լյուքսային կոսմետիկա արտադրող այս բրենդի անվանումն արտասանելու ամենատարածված տարբերակները Կլարինսը և Կլարինն են: Ճիշտ է արտասանել «ԿԼԱՐԱՆՍ», ու քանի որ բրենդը ֆրանսիական է, նրանք երկրորդ ա-ն ավելի ռնգային են արտասանում: 

Longines
"Medium-luxury" դասի շվեյցարական ժամացույցների բրենդ է, որի գովազդային վահանակները մեզ մոտ շատ են հանդիպում: Այստեղ ևս դեր է խաղում լեզվական տարբերությունը, և բրենդի անունը կարդացվում է Լոնժին՝ մի փոքր մեղմ ժ տառով:

Louis Vuitton
Ֆրանսիական այս բրենդը ամենից հաճախ արտասանում են Լուիս Վիտոն, սակայն իրականում ճիշտ տարբերակն է «Լուի Վուիտոն»-ը, ընդ որում վերջին ոն-ը ոչ շեշտված, դե իսկ ուի-ին հայտնի ֆրանսիցիներին բնորոշ ձևով՝ մեղմ և սահուն:
 

ASOS
ASOS-ը առաջին բրենդներից էր, որ սկսեց իր կյանքն ինտերնետ-խանութում 2000 թվականին: Անվանումն իրենից ներկայացնում է հապավում՝ As Seen on Screen, որը նշանակում է, որ ապրանքներն իրականում այնպիսին են, ինչպիսին էկրանին: Մարդիկ այն կարդում են Ասոս, սակայն ճիշտ տարբերակն է «Էյսոս»՝ ելնելով անգլերենի արտասանության կանոններից:

ASUS
Թայվանում հիմնված ASUS ընկերության անունն առաջացել է Pegasus-պեգաս բառից: 2015 թվականին ընկերությունը հայտարարեց, որ արտասանության միակ ճիշտ ձևը Էյզու՛սն է:


 

Դե ինչ, այսօրվա բլոգում կային այնպիսի անվանումներ, որոնց սխալ տարբերակն այնքան խորն է արմատացած, որ մարդիկ երբեմն կարող է անգամ խուսափեն արտասանել ճիշտ տարբերակը, քանի որ հենց իրենք կընկալվեն որպես սխալ: Կիսվե՛ք ձեր ընկերների հետ այս հետաքրքիր տեղեկատվությամբ, ինչպես նաև չմոռանաք անցնել ստորև նշված հղումներով՝ ծանոթանալու այս բլոգի նախորդ մասերին՝


Մաս առաջին
Մաս երկրորդ